2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես

Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես
30.09.2016 | 15:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2016»-ին այս տարի մասնակցող ավելի քան 120 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, մասնակցում են նաև առաջատար ընկերություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից:


«Երևան Էքսպո»-ի առանձին սրահում ցուցահանդեսի կազմակերպիչները և ոլորտի պատասխանատուները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ձևավորված ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձևաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը` ի նպաստ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման:

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ